Ստամբուլում մարտի 9-19-ին տեղի ունեցող «FilmMor» Կանանց միջազգային կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու է շվեդաբնակ Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: Ըստ լուրերի` Թուրքիայում փառատոնի կազմակերպիչների վրա մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի «Մեծ մորս դաջվածքները» հանվի ցուցադրությունից, սակայն կազմակերպիչները վճռական են տրամադրված և հայտարարել են, որ ֆիլմն անպայման ներկայացվելու է:
Նշենք, որ Սյուզան Խարդալյանի` «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը ցուցադրվել է աշխարհի մի շարք հեռուստաալիքներով, այդ թվում` արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով: Ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: Խարդալյանը փորձում է հետաքննել իր մահացած տատի` Խանումի կյանքի իրական պատմությունը, ում ջարդի օրերին, 12 տարեկան հասակում, բռնաբարել էր քուրդ կապիտանը: Նա հենց այն Մեծ մայրիկն է, որը դաջված էր, բռնաբարված, և հետագայում պետք է բացահայտեր այդ դաջվածքը, զզվանքով փորձեր ազատվել դրանից: Խարդալյանն անդրադառնում է այնպիսի դեպքերի, որոնք 1915-ի ցեղասպանության ժամանակ տեղի են ունեցել շատ կանանց հետ:
Թուրքական մամուլը այն որակել էր Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված «քարոզարշավ», ուր, իբր, ամեն ինչ ներկայացված է միակողմանի:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ